
Պատմություն, սկզբունքներ և էություն
Օրգանական գյուղատնտեսությունն իր հիմքում վերադառնում է գյուղատնտեսության բնական ակունքներին՝ այն ժամանակներին, երբ մարդիկ հողը մշակում էին բնության օրենքներին համահունչ, առանց քիմիական միջամտությունների և արհեստական նյութերի կիրառման։ Դարեր շարունակ գյուղատնտեսությունն ինքնին եղել է «օրգանական»՝ հիմնված հողի բերրիության պահպանման, բնական պարարտանյութերի օգտագործման և կենսաբազմազանության վրա։
20-րդ դարի առաջին կեսին, արդյունաբերական հեղափոխությունից հետո, գյուղատնտեսությունը արագորեն փոխվեց։ Սինթետիկ պարարտանյութերի, թունաքիմիկատների և ինտենսիվ արտադրական մեթոդների կիրառումը բերեց արտադրության ծավալների աճի, սակայն միաժամանակ առաջացրեց լուրջ խնդիրներ՝ հողի բերրիության նվազում, ջրի և շրջակա միջավայրի աղտոտում, կենսաբազմազանության նվազում և առողջական ռիսկեր մարդկանց համար։
Այս ամենին զուգընթաց 1920–1940-ական թվականներին ձևավորվեցին օրգանական գյուղատնտեսության գաղափարական հիմքերը։ Եվրոպայում և ԱՄՆ-ում մի շարք գիտնականներ և ֆերմերներ սկսեցին բարձրաձայնել, որ հողը կենդանի համակարգ է, և որ գյուղատնտեսության հիմքում պետք է լինի դրա առողջությունը։ Այս ժամանակ էլ ձևավորվեց օրգանական գյուղատնտեսության շարժումը՝ որպես քիմիականացված արտադրությանը հակակշիռ, հակազդող ուժ։
1970-1980-ական թվականներին օրգանական գյուղատնտեսությունը սկսեց ստանալ ավելի կազմակերպված տեսք։ Ստեղծվեցին միջազգային և ազգային կազմակերպություններ, մշակվեցին չափանիշներ և սերտիֆիկացման համակարգեր, որոնք սահմանում էին՝ ինչը կարելի է համարել օրգանական արտադրանք։ 1972 թվականին հիմնադրված IFOAM-ը (Օրգանական գյուղատնտեսության շարժումների միջազգային ֆեդերացիա) կարևոր դեր խաղաց օրգանական սկզբունքների համաշխարհային ձևավորման և տարածման գործում։
Այսօր օրգանական գյուղատնտեսությունը համարվում է կայուն զարգացման առանցքային ուղղություններից մեկը։ Այն միավորում է բնապահպանական, սոցիալական և տնտեսական մոտեցումները՝ նպատակ ունենալով ապահովել առողջ սնունդ, պահպանել բնական ռեսուրսները և աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։ Օրգանական գյուղատնտեսությունը չի սահմանափակվում միայն «քիմիկատ չօգտագործելով»․ այն ամբողջական համակարգ է, որը դիտարկում է հողը, բույսը, կենդանին և մարդուն որպես մեկ փոխկապակցված ամբողջություն։
Աշխարհի բազմաթիվ երկրներում օրգանական գյուղատնտեսությունը դարձել է պետական քաղաքականության մաս, իսկ սպառողների շրջանում աճում է վստահությունն ու պահանջարկը օրգանական արտադրանքի նկատմամբ։ Այս միտումը պայմանավորված է ոչ միայն առողջ ապրելակերպի տարածմամբ, այլ նաև կլիմայական փոփոխությունների, սննդային անվտանգության և բնության պահպանության հրամայականներով։ Օրգանական գյուղատնտեսությունը այսօր դիտվում է ոչ թե անցյալի վերադարձ, այլ ապագային ուղղված լուծում՝ հիմնված գիտելիքի, փորձի և բնության հետ համագործակցության վրա։
Օրգանական գյուղատնտեսությունը հիմնված է 4 հիմնական սկզբունքների վրա, որոնք ձևավորում են ամբողջ համակարգի մտածողությունն ու գործելակերպը։ Այդ սկզբունքները նպատակ ունեն ապահովել հողի, շրջակա միջավայրի, մարդու առողջության և գյուղատնտեսական գործունեության երկարաժամկետ ներդաշնակ զարգացումը։
Օրգանական գյուղատնտեսությունը պահանջում է նրբանկատ և պատասխանատու կառավարում, որի հիմքում ներկա և ապագա սերունդների առողջության և բարօրության և շրջակա միջավայրի պահպանումն է:
Օրգանական գյուղատնտեսությունը պետք է պահպանի և նպաստի հողի, բույսի, կենդանու, մարդու և մոլորակի առողջությանը՝ թվարկվածներից յուրաքանչյուրինն անհատապես և միասնաբար:
Օրգանական գյուղատնտեսությունը պետք է խարսխվի կենդանի էկոհամակարգերի և բնական շրջափուլերի, դրանց հետ համագործակցության, կատարելագործման և կայունության վրա:
Օրգանական գյուղատնտեսությունը պետք է հիմնվի այնպիսի հարաբերությունների վրա, որոնք թույլ են տալիս ապահովել ընդհանուր միջավայրի և կյանքի հնարավորությունների արդար բաշխումը: