
Ինչպես տարբերակել իրական օրգանական արտադրանքը
Օրգանական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության աճին զուգահեռ ավելի կարևոր է դառնում կարողանալ տարբերակել իրական օրգանական արտադրանքը՝ պարզապես «բնական», «մեր ֆերմայից» կամ «ֆերմերի կողմից» կոչվող մթերքներից։ «Օրգանական» մակնշումը հենց այն գործիքն է, որը սպառողին օգնում է կատարել գիտակցված ընտրություն և վստահ լինել, որ ապրանքը արտադրվել է սահմանված չափանիշներին համապատասխան։
«Օրգանական» մակնշումը նշանակում է, որ տվյալ արտադրանքը կամ արտադրական գործընթացը անցել է վերահսկում և սերտիֆիկացում անկախ մարմնի կողմից։ Այն հաստատում է, որ արտադրության ընթացքում չեն օգտագործվել սինթետիկ պարարտանյութեր, թունաքիմիկատներ, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ), աճի հորմոններ կամ հակաբիոտիկներ (կենդանական արտադրանքի դեպքում), իսկ հողի, կենդանիների և շրջակա միջավայրի նկատմամբ պահպանվել են կայուն և պատասխանատու մոտեցումներ։
Օրգանական մակնշումը սպառողի համար նախ և առաջ վստահության նշան է։ Այն հնարավորություն է տալիս ընտրել ավելի անվտանգ և որակյալ սնունդ և աջակցել բնապահպանական պատասխանատու գյուղատնտեսությանը։
Առանց պաշտոնական մակնշման «օրգանական» բառը կարող է լինել պարզապես գովազդային արտահայտություն, որը չունի իրավական կամ որակական երաշխիք։ Հայաստանում 2008 թվականին ընդունվել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքը, որը հստակ սահմանում է օրգանական գյուղատնտեսության արդյունքում ստացվող արտադրանքը և դրա տարբերությունները «բնական» կամ այլ նման պիտակավորում ունեցող մթերքներից։ Օրգանական մակնշման կեղծ օգտագործումը սպառողների մոլորեցման նպատակով պատժվում է օրենքով։
Իրական օրգանական արտադրանքի պիտակը սովորաբար պարունակում է մի քանի կարևոր տարր․
Եթե պիտակի վրա բացակայում է սերտիֆիկացման մասին տեղեկատվությունը կամ այն անհստակ է, արժե լինել զգոն և լրացուցիչ ուսումնասիրել ապրանքի ծագումը։
Միջազգային շուկայում գոյություն ունեն մի շարք ճանաչված «օրգանական» լինելը հավաստող տարբերանշաններ, որոնք համարվում են վստահելի և լայնորեն կիրառվում են տարբեր երկրներում։
Բացի այդ, տարբեր երկրներ ունեն ազգային օրգանական լոգոներ, որոնք գործում են նույն սկզբունքով՝ անկախ վերահսկում, թափանցիկ չափանիշներ և պատասխանատվություն սպառողի առաջ։
Ստորև ներկայացված են մի քանի հիմնական հավաստագրող կառույցների մեզ ավելի հաճախ հանդիպող տարբերանշանները, որոնք կարող եք փնտրել իրապես օրգանական հավաստագրված արտադրանքի փաթեթավորման վրա։

Հայաստանի օրգանական ստանդարտներին համապատասխանող արտադրանքի տարբերանշան

Եվրոպական միության օրգանական ստանդարտներին համապատասխանող արտադրանքի տարբերանշան

ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության (USDA) օրգանական ստանդարտներին համապատասխանող արտադրանքի տարբերանշան

Միջազգային հավաստագրող և վերահսկող մարմնի տարբերանշան
Կանաչ Կովկաս տարածաշրջանային օրգանական ստանդարտներին համապատասխանող արտադրանքի տարբերանշան

Կանադայի օրգանական ստանդարտներին համապատասխանող արտադրանքի տարբերանշան

Բիոդինամիկ գյուղատնտեսության միջազգային Demeter ստանդարտներին համապատասխանող արտադրանքի տարբերանշան

Գերմանական օրգանական ստանդարտներին համապատասխանող արտադրանքի տարբերանշան
Շատ արտադրողներ օգտագործում են «էկո», «բնական», «առանց քիմիայի», «տնական» և նմանատիպ շատ այլ արտահայտություններ՝ առանց պաշտոնական սերտիֆիկացման։
⚠️ Այսպիսի նշումները ինքնին չեն նշանակում, որ արտադրանքը օրգանական է։ Իրական օրգանական մակնշումը միշտ ուղեկցվում է ստուգելի տեղեկատվությամբ և ճանաչված լոգոյով։
Գիտակցված սպառումը սկսվում է հարց տալուց՝ ո՞վ է սերտիֆիկացրել, ո՞ր ստանդարտով և որքանո՞վ է գործընթացը թափանցիկ։
Ճանաչելով և ընտրելով իրական օրգանական արտադրանքը՝ մենք ոչ միայն հոգ ենք տանում մեր առողջության մասին, այլ նաև աջակցում ենք այն ֆերմերներին, ովքեր ներդրում են կատարում հողի պահպանման, անվտանգ սննդի արտադրության և կայուն գյուղատնտեսության զարգացման մեջ։
Օրգանական մակնշումը կամուրջ է ֆերմերի և սպառողի միջև՝ հիմնված վստահության, պատասխանատվության և երկարաժամկետ արժեքների վրա։
Ճանաչելով իրական օրգանական արտադրանքը՝ աջակցենք ֆերմերներին զարգացնել անվտանգ և առողջ սննդի արտադրության ոլորտը։