
Ինչպես տարբերակել իսկականը կեղծից
Վերջին տարիներին շուկայում արագորեն աճել է «օրգանական», «բնական», «էկո», «մաքուր» և նմանատիպ պիտակավորում կրող սննդամթերքի քանակը։ Սակայն արտաքին «կանաչ» տեսքն ու խոստումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Օրգանական խաբեությունը այն երևույթն է, երբ ապրանքը ներկայացվում է որպես առողջ կամ բնությանը մոտ, սակայն իրականում չի համապատասխանում օրգանական գյուղատնտեսության պահանջներին և չի անցել համապատասխան վերահսկում։
Օրգանական խաբեությունը հատկապես վտանգավոր է, քանի որ այն մոլորեցնում է սպառողին՝ ստեղծելով կեղծ վստահություն և նվազեցնելով իրական օրգանական արտադրողների մրցունակությունը շուկայում։
«Բնական» պիտակավորում կրող սննդամթերքի զգալի մասը կարող է արտադրվել թունաքիմիկատների, հակաբիոտիկների, աճի հորմոնների և գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչների կիրառմամբ։ «Բնական» հասկացությունը չունի հստակ օրենսդրական սահմանում, վերահսկման մեխանիզմ կամ պարտադիր ստանդարտներ։ Ի տարբերություն դրա՝ օրգանական գյուղատնտեսությունը հիմնված է միջազգային մակարդակով ճանաչված, ապացուցելի և վերահսկվող ստանդարտների վրա։
Օրգանական արտադրանքն աճեցվում է առանց սինթետիկ թունաքիմիկատների օգտագործման, ինչը ապահովում է բնական և անվտանգ միջավայր բույսերի համար և նվազեցնում թունաքիմիկատների մնացորդային քանակությունները սննդամթերքում։
«Բնական» պիտակով մթերքները կարող են աճեցվել թունաքիմիկատների կիրառմամբ և դրանց մնացորդները կարող են պահպանվել սննդամթերքում։
Օրգանական մսամթերքի արտադրության ընթացքում հակաբիոտիկների օգտագործումը խիստ սահմանափակվում է։
«Բնական» մսամթերքի զգալի մասը ստացվում է հակաբիոտիկների կիրառմամբ բուծվող կենդանիներից։ Թեև որոշ դեպքերում դրանք օգտագործվում են հիվանդ կենդանիների բուժման նպատակով, արդյունաբերական արտադրության մեջ հակաբիոտիկները հաճախ կիրառվում են կանխարգելիչ կերպով՝ ոչ պատշաճ կամ գերխիտ պայմաններում ինֆեկցիաների տարածումը կանխելու համար։ Այս պրակտիկան նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ դիմակայուն միկրոօրգանիզմների առաջացմանը, ինչը լուրջ խնդիր է հանրային առողջության համար
Օրգանական գյուղատնտեսությունը արգելում է արհեստածին հորմոնների օգտագործումը, պահպանելով կենդանիների բնական աճը և արտադրանքի որակը։
Կարող են կիրառվել արհեստածին հորմոններ՝ կենդանիների աճը արագացնելու և վերարտադրողականությունը բարձրացնելու նպատակով։
Օրգանական գյուղատնտեսությունը արգելում է և բացառում է ԳՁՕ-ների օգտագործումը արտադրության ցանկացած փուլում։
«Բնական» պիտակ կրող մթերքների զգալի մասը կարող է ներառել գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերի բաղադրիչներ։ Գենետիկ ինժեներիան փոխում է բույսի ԴՆԹ-ն՝ ստանալով բնության մեջ գոյություն չունեցող նոր հատկանիշներով օրգանիզմներ։
Օրգանական խաբեության դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը օրենսդրությունն է։ Հայաստանում 2008 թվականին ընդունվել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքը, որը հստակ սահմանում է օրգանական գյուղատնտեսության արդյունքում ստացվող արտադրանքը և դրա տարբերությունները «բնական» կամ այլ նման պիտակավորում ունեցող մթերքներից։ Օրգանական մակնշման կեղծ օգտագործումը սպառողների մոլորեցման նպատակով պատժվում է օրենքով։
Սակայն նույնիսկ օրենսդրության առկայության դեպքում սպառողի իրազեկվածությունը մնում է առանցքային։ Գիտակցված ընտրությունը սկսվում է պիտակի ուսումնասիրությունից, սերտիֆիկացման նշանների ճանաչումից և հարցադրումներ անելու պատրաստակամությունից։
Օրգանական խաբեությունից խուսափելը նշանակում է պաշտպանել սեփական առողջությունը և միաժամանակ աջակցել այն ֆերմերներին, ովքեր աշխատում են թափանցիկ, պատասխանատու և բնությանը համահունչ։ Իրական օրգանական արտադրանքի ընտրությունը նպաստում է անվտանգ սննդի արտադրության զարգացմանը և արդար մրցակցային դաշտի ձևավորմանը։