
Գիտակցված ընտրություն՝ առողջության և շրջակա միջավայրի համար
Սպառողները մեծապես հետաքրքրված են առողջ սննդի ընտրությամբ և ցանկանում են իմանալ, թե որտեղից և ինչպես է արտադրվում սնունդը, որը նրանք օգտագործում են։ Օրգանական սննդամթերքի ընտրությունը բազմաթիվ օգուտներ ունի՝ սկսած առողջության պահպանումից մինչև շրջակա միջավայրի պաշտպանություն։ Ահա մի քանի հիմնական պատճառ՝ ինչու արժե նախընտրել սերտիֆիկացված օրգանական արտադրանքը։
Օրգանական արտադրության ընթացքում օգտագործվում են միայն թույլատրելի բնական պարարտանյութեր և բույսերի պաշտպանիչ միջոցներ, որոնք ստացվում են բնական աղբյուրներից։ Նման վերահսկվող մոտեցումը ապահովում է, որ սննդամթերքը լինի անվտանգ և մաքուր, առանց վնասակար թունաքիմիկատների մնացորդների։ Թեև որոշ ֆերմերներ օգտագործում են թունաքիմիկատներ, դրանք հիմնականում ստացված են բնական հումքից, և այս քիմիկատները պետք է թույլատրված լինեն օրգանական արտադրության մեջ օգտագործման համար: Դրանց օգտագործումը թույլ է տրվում միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներն արդյունավետ չեն:
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների՝ ԳՄՕ-ների, օգտագործումը օրգանական գյուղատնտեսությունում արգելված է. այսինքն՝ ֆերմերի կողմից օգտագործվող սերմերը, կենդանիների կերերը և մյուս բաղադրիչները չեն ենթարկվել գենետիկ փոփոխությունների և չեն պարունակում ԳՄՕ-ից ստացված բաղադրիչներ։
Օրգանական սննդամթերքը չի կարող պարունակել արհեստական գունավորիչներ, հոտավորիչներ կամ կոնսերվանտներ։ Նմանատիպ մաքուր սննդամթերք օգտագործելը նշանակում է ունենալ ավելի մաքուր սննդակարգ՝ հետևաբար՝ նաև պակաս առողջական խնդիրներ։ Այնինչ ոչ օրգանական եղանակով արտադրված, փաթեթավորված մթերքների արտադրության ընթացքում թույլատրվում է օգտագործել քիմիկատներ և հավելանյութեր, այդ թվում՝ կոնսերվանտներ, բույրեր և գունանյութեր, որոնք կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ։
Առողջ հողն առողջ սննդամթերքի և առողջ շրջակա միջավայրի գրավական է և օրգանական գյուղատնտեսության հիմքը: Օրգանական գյուղատնտեսությունը հոգում է հողի առողջության մասին։ Օրգանական արտադրողներն առողջ հող ունենալու համար օգտագործում են օրգանական պարարտանյութեր և հողի բարելավիչներ, ինչպիսիքն են օրգանական նյութերը (որոնք կարելի է կոմպոստի վերածել), կանաչ պարարտանյութերը (հատուկ հողի որակի բարելավման համար ցանվող սիդերատ բույսերից, օրինակ՝ բակլազգի բույսերից ստացվող) և գոմաղբը (անվտանգության պահանջներին համապատասխան): Առողջ հողում աճեցված սննդամթերքը և ստացված բերքը առավել ունակ են դիմակայելու վնասատուներին և գոյատևելու անբարենպաստ եղանակային պայմաններում։
Օրգանական սննդամթերքում ավելի շատ վիտամիններ, միներալներ, ֆերմենտներ և միկրոսննդատարրեր են պարունակվում, քան ոչ օրգանական սննդամթերքում: Կան գիտական մեծաթիվ ապացույցներ առ այն, որ արտադրությունում կիրառվող մեթոդները կարող են ներազդել մթերքի սննդարարության վրա։
Օրգանական գյուղատնտեսությունում երբևէ չեն օգտագործվում արտադրական և այլ ծագման թափոններ: Դրանք մշակում անցած թափոններ են և պարունակում են բազմաթիվ հայտնի ու անհայտ վտանգավոր նյութեր, այդ թվում՝ այն ամենն, ինչ հայտնվում է կոյուղային համակարգում: Մշակումից հետո այս ջրերը կարող են օգտագործվել գյուղատնտեսությունում որպես պարարտանյութ: Օրգանական արտադրությունում գործում են ցանքի, աճեցման, հասունացման և մշակման հստակ սահմանված գործընթացներ: Անչափ կարևոր է այստեղ որոշ մեթոդների արգելված լինելը: Այդ մեթոդների շարքին են պատկանում արտադրական և այլ թափոնների օգտագործումը, ճառագայթային մշակումը և գենետիկ ինժեներիան, որոնք արգելված են օրգանական սննդամթերքի աճեցման և մշակման մեջ։
Օրգանական արտադրության մեջ չի օգտագործվում ճառագայթային մշակումը, արդյունաբերական թափոններ կամ արհեստական հորմոններ, որոնք կարող են խաթարել բույսերի կամ կենդանիների բնական աճը։ Այդպիսի մոտեցումը ապահովում է մաքուր և բնական սնունդ՝ հարգելով շրջակա միջավայրը և մարդկային առողջությունը։
Օրգանական գյուղատնտեսության կարևորագույն առավելություններից է հողակենտրոն արտադրությունը, որի հիմքում հողի որակի պահպանումն է և բարելավումը: Առողջ հողը նպաստում է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին՝ մթնոլորտից կլանելով ածխածինը։
Քիմիկատների լայնամասշտաբ ինտենսիվ օգտագործումը սպառնալիք է փոշոտողների համար: Օրգանական եղանակով աճեցվող բուսատեսակները և բերքը պահպանում են փոշոտողներին թունաքիմիկատներից: Օրգանական գյուղատնտեսության չափանիշներով արգելվում է սինթետիկ քիմիկատների օգտագործումը, որոնցից շատերը մեղուների համար թունավոր են և կարող են երկար ժամանակ պահպանել իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ավելին, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներից ակնկալվում է կենսաբազմազանության պահպանմանը նպաստող և բնական ռեսուրսները հարստացնող գործելաոճ։
Օրգանական գյուղատնտեսությունը չի ենթարկում հարևան համայնքներն ու ֆերմաների աշխատողներին վտանգավոր քիմիկատների ազդեցությանը: Քիմիկատները զգալի վտանգ են ներկայացնում գյուղատնտեսությունում ներգրավված մարդկանց համար և կարող են առողջական խնդիրներ առաջացնել նրանց մոտ: Հարակից համայնքները նաև կարող են ենթարկվել քիմիկատների ազդեցությանը, եթե մոտակայքում ոչ օրգանական եղանակով կառավարվող մեծ տնտեսություն կամ այգի կա: Քիմիկատների տարածումը մարդու, վայրի բնության և էկոհամակարգերի առողջության համար սպառնալիք կարող է լինել։
Օրգանական գյուղատնտեսությունը բազմաթիվ դրական ազդեցություններ ունի շրջակա միջավայրի վրա: Այն վերականգնում է հողի առողջությունը, թույլ չի տալիս վնասակար քիմիկատների ներթափանցումը ջրային ռեսուրսներ: Ջուրը և հողը բացառիկ կարևորության ռեսուրսներ են սննդամթերքի աճեցման համար: Օրգանական արտադրող ֆերմերները չեն կիրառում ոչ վերականգնելի նավթային հիմքով պարարտանյութեր և քիմիկատներ: Ավելին, օրգանական գյուղատնտեսության հետևանքով մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալը ևս զգալիորեն պակաս է։
Ոչ օրգանական գյուղատնտեսության բազմաթիվ արգասիքներ վտանգ են ներկայացնում ջրային ավազանների համար և ախտահարում են խմելու ջրի պաշարները: Տնտեսություններից ծագող նյութերը, ինչպիսիք են պարարտանյութերը և քիմիկատները, լցվում են մոտակա առուներ և գետեր: Օրգանական գյուղատնտեսությունը թույլ է տալիս պաշտպանել գետերն ու լճերը թունավոր նյութերի ներհոսքից: Օրգանական արտադրող ֆերմերները, մյուսների նման, բերքի աճն ապահովելու համար ստիպված են օգտագործել ազոտ և ֆոսֆոր: Սակայն, ի տարբերություն ոչ օրգանական տնտեսությունների, օրգանական տնտեսությունները հազվադեպ են կիրառում քիմիական պարարտանյութեր, քանի որ դրանք թե՛ ավելի ծախսատար են և թե՛ հակասում են հողի բերրիությունն ապահովելու օրգանական սկզբունքներին: Օրգանական տնտեսություններում հողի առողջացման համար օգտագործվում են բնական օրգանական պարարտանյութեր և հողի լավորակիչներ, ինչպիսիք են օրգանական խառնուրդները, կանաչ պարարտանյութերը և կենդանական ծագման գոմաղբը: Օրգանական պարարտանյութերը, ի տարբերություն սինթետիկ միջոցների, բերքն ապահովում են սննդարար բարդ նյութերով, որոնք աստիճանաբար են ազդում, և հող ու ջուր են ներթափանցում սահմանափակ չափով։
Օրգանական սննդամթերքի օգտագործումը կարող է նվազեցնել մարդու մոտ քաղցկեղի առաջացման ռիսկերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանական սննդամթերք օգտագործողների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկերը համեմատաբար քիչ են: Ընդհանուր առմամբ, օրգանական սննդամթերքի օգտագործումը նպաստում է երկարաժամկետ առողջությանը և անվտանգության ապահովմանը։
Սպառողների շրջանում կարևորություն է ստանում գիտակցված ընտրությունը՝ ապահովելով իրական օրգանական սննդի նկատմամբ պահանջարկ։
Խնչպես արտերկրից ներմուծված, այնպես էլ որոշ հայկական արտադրության, սերտիֆիկացված օրգանական արտադրանք Հայաստանում հնարավոր է գնել սուպերմարկետներից և խոշոր առևտրային կենտրոններից, խանութներից (հատուկ ուշադրություն դարձնելով արտադրանքի մակնշմանը և տարբերանշաններին)։
Հայաստանում գործում է նաև Green Day օրգանական խանութը, որտեղ կա օրգանական արտադրատեսականու հասանելի, լայն ընտրություն։
Հայկական տեղական օրգանական արտադրատեսակներ կարելի է ձեռք բերել նաև անմիջապես ուղիղ կապ հաստատելով արտադրողի, ֆերմերի հետ՝ հետևելով նրանց սոցիալական մեդիայի էջերին և թարմացումներին։