
Կայուն զարգացում և օրգանական գյուղատնտեսություն
Շրջանաձև տնտեսությունը ժամանակակից մոտեցում է, որի հիմքում ռեսուրսների խելամիտ օգտագործումն ու վերականգնումն են։ Ի տարբերություն գծային տնտեսության՝ «արտադրել–օգտագործել–թափել» մոդելի, շրջանաձև համակարգը նպատակ ունի նվազեցնել թափոնները, կրկնօգտագործել նյութերը և պահպանել բնության հավասարակշռությունը «նվազեցնել–վերաօգտագործել–վերամշակել» սկզբունքով։ Այս գաղափարախոսության օրգանական գյուղատնտեսության բնական շարունակությունն է։
Նյութերի և էներգիայի օգտագործման նվազեցում արտադրության բոլոր փուլերում
Արտադրանքի և նյութերի երկարացված օգտագործման ցիկլ
Թափոնների վերածում նոր հումքի կամ էներգիայի
Օրգանական գյուղատնտեսությունը հիմնված է հողի, ջրի և կենսաբազմազանության պահպանման վրա։ Այն բացառում է սինթետիկ քիմիկատների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը՝ նախապատվությունը տալով բնական գործընթացներին։ Այստեղ շրջանաձև տնտեսության սկզբունքները գործնական կիրառություն են գտնում ամենօրյա մակարդակում․ օրգանական թափոնները վերածվում են պարարտանյութի, մշակաբույսերի մնացորդները վերադարձվում են հողին, իսկ էներգիան հնարավորինս ստացվում է վերականգնվող աղբյուրներից։
Այս երկու մոտեցումների կապը հատկապես կարևոր է կայուն ապագայի տեսանկյունից։ Շրջանաձև տնտեսությունը օգնում է օրգանական գյուղատնտեսությանը նվազեցնել ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը, իսկ օրգանական գյուղատնտեսությունը իր հերթին նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը և առողջ սննդի արտադրությանը։ Արդյունքում ձևավորվում է համակարգ, որտեղ մարդը և բնությունը համագործակցում են, ոչ թե հակադրվում։
Այսօր, երբ կլիմայական փոփոխություններն ու ռեսուրսների սահմանափակ լինելը դարձել են գլոբալ մարտահրավեր, շրջանաձև տնտեսության և օրգանական գյուղատնտեսության համադրությունը ոչ միայն ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Դա քայլ է դեպի պատասխանատու սպառում, առողջ հասարակություն և երկարաժամկետ կայուն զարգացում։

Նյութերը պատրաստվել են «Շրջանաձև ապագա» ծրագրի շրջանակում իրազեկվածության բարձրացման նպատակով։ Նախաձեռնությունը ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, «Իմփաքթ Հաբ Ցանց»-ի, «Իմփաքթ Հաբ Երևան»-ի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ -ի հետ համատեղ: